«Արմավիայի» սպասարկումը վերականգնվեց՝ պայմանով, որ պարտքը կհասցվի երեք միլիոն դոլարի
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը այսօր ժամը 14։30-ին կրկին վերականգնել է «Արմավիա» ընկերության չվերթերի սպասարկումը, որը դադարեցվել էր առավոտյան ժամը 10-ին: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը՝ հավելելով, որ ազգային ավիափոխադրողը խոստացել է մինչև օրվա վերջ պարտքը հասցնել 3 միլիոն դոլարի:
Նշենք, որ ազգային ավիափոխադրողի կողմից դեպի Մոսկվա և Ստավրոպոլ ուղղություններով ժամը 13։10-ի և 20։20 -ի չվերթերը չեղյալ է հայտարարվել, իսկ Երևան-Մոսկվա ժամը 15։ 35-ինը՝ հետաձգվել է:
Եվս մեկ՝ ժամը 15։50-ի Երևան-Դուբայ չվերթը նույնպես հետաձգվել է: Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, մառախուղն էլ խախտել է Մոսկվայի «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում վայրէջք կատարելու օդաչուների ծրագրերը և ինքնաթիռները, ստիպված են վայրէջք կատարել պահուստային օդանավակայաններում:
Zvartnots.am պաշտոնական կայքի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ռուսական ազգային ավիափոխադրող «Աէրոֆլոտի» ժամը 11։45–ի չվերթով թռած ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, իսկ նույն օդանավակայանում «Արմավիայի»՝ ժամը 13։10-ի չվերթն, ինչպես նշել էին՝ չեղյալ է հայտարարվել:
«Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններ վայրէջք նախատեսած Երևանից թռչող ինքնաթիռների տարբեր ավիաընկերությունների կողմից սպասարկվող չվերթերը նշանակված են ավելի ուշ ժամերի:
Այսպես. ժամը 17։20-ին նախատեսված է Երևան-Մոսկվա մեկ չվերթ դեպի «Շերեմետևո» և ժամը 18։00-ին էլ՝ մեկ չվերթ՝ դեպի «Վնուկովո» օդանավակայան:
Իսկ նշված օդանավակայաններում մյուս չվերթերը արդեն նախատեսված են շատ ուշ ժամերի և վաղվա ամսաթվով:










