«Արմենիա միջազգային օդանավակայանները» կրկին հրաժարվել են սպասարկել «Արմավիային». որքանո՞վ է մեղավոր սպառողը
Այսօր առավոտյան ժամը 10-ին մոտ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը կրկին դադարեցրել է «Արմավիայի» չվերթերի սպասարկումը: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը՝ հավելելով, որ այդ պահի դրությամբ «Արմավիայի» պարտքը կազմում է մոտ 3 միլիոն 215 հազար դոլար:
«Արմավիա»-«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության վերջին օրերին՝ արդեն մշտական բանավեճի մասին պատմող հերթական նյութի տակ Tert.am-ի ընթերցողներից մեկը գրել էր, որ իրեն արդեն ձանձրացրել է երկու ընկերությունների «հաշվապահությունը ազգովի վարելու գործընթացը»:
Ի տարբերություն ընթերցողի, Տավուշի, Լոռու մարզերից եկած որոշ ուղևորներ նորից տուն չգնալու համար, երեկ ողջ օրն անցկացրել էին օդանավակայանում։
«Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Ի՞նչ կապ ունի սպառողը երկու ընկերությունների կոնյունկտուրայի, ինտրիգների ու ներքին հաշիվների հետ: Սպառողը պետք է այս մասին նույնիսկ տեղյակ էլ չլինի, մենք ի՞նչ կապ ունենք: Անընդհատ լսվում է՝ սա նրան զիջեց, սա մուծեց: Պետք է մեզ ազատեն էդ վիճաբանություններից, ու մեզ պետք է տրամադրեն հարմարավետ ու մատչելի ծառայություններ»:
Նշենք, որ այս «պատժամիջոցների» ու «Արմավիայի» ամեն օրվա վերջին գումարային փոխանցումների արդյունքում հսկայական վնասներ են կրում նաև իրենք՝ երկու ընկերությունները:
Ի պատասխան Արմեն Պողոսյանի դիտարկմանը, թե որքա՞նով է սովորական սպառողը մեղավոր երկու ընկերությունների խնդիրների համար, Գևորգ Աբրահամյանն առաջարկեց հարցն ուղղել «Արմավիային» և ավելացրեց. «Կա ժամանակին իրենց պահանջով կազմված, իրենց և մեր կողմից մարտի 14 -ին ստորագրված պայմանագիր. իրենք պահանջում էին, որ իրենց համար հատուկ սակագներ սահմանվեն: Հատուկ սակագներ եղան, ինչի դիմաց իրենք պարտավորվեցին, որ էդ գրաֆիկով սկսենք աշխատել: Ի վերջո, բանը հասավ, որ էդ հատուկ գրաֆիկով սահմանված թվից մեկ միլիոն դոլարով անցան»:
«Հայաստանի սպառողների միության» նախագահը բնական է համարում, որ ազգային ավիափոխադրողն ունենա առավելություն:
« Ես որքան գիտեմ՝ «Արմավիան» կործանման եզրին է ու կարող է վաճառվի այլ ընկերության: Բայց ինչի՞ պետք է հայ մարդը «Սիբիր Ավիայով» կամ «Ավստրիական ավիաուղիներով» երթևեկի, եթե ունենք մերը»,- ասաց Արմեն Պողոսյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և համանուն խորհրդարանական խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը Tert.am –ի հետ զրույցում ասաց, որ ստեղված իրավիճակում լավագույն լուծումը կլիներ դատարանի վճիռը՝ որպես միջանկյալ լուծում:
«Եթե իրենք իրար հետ չեն կարողանում հաշտվել պարտքային պարտավորությունների պահանջով, կամ լինում է արբիտրաժ, կամ իրենց պայմանագրում պետք է լինի համապատասխան կետ, որ էդ տիպի վեճերի ժամանակ ինչ տիպի սանկցիաներ կարող են գործել, որպեսզի կարգավորվի, սպառողը չտուժի»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Այսուհանդերձ , տնտեսագետը համաձայնեց, որ դատական վիճաբանությունները կարող են երկար տևել:
«Ուրեմն, այդ դեպքում պետք է լինի օրենսդրություն, որն արագ կարգավորի հարցը: Այսինքն՝ ինչ-որ մի ժամկետում վեճը չհարթվելու և սպառողների շահերը չպաշտպանվելու դեպքում, սկսի աշխատել էդ օրենքի այսինչ կետը՝ պարտադրելով անկախ պարտքուպահանջային պարտավորություններից տալ որոշակի լուծումներ»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ի պատասխան հարցի, թե արդյոք «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան, Գևորգ Աբրահամյանն ասաց, որ ինքն այս մասին իրավասու չէ պատասխանել:










