«Սիվիլիթասի» աշխատակիցները բողոքի երթ անցկացրեցին՝ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի (լուսանկարներ)

15:18 • 19.10.12

«Սիվիլիթաս» հիմնադրամի 60-ից ավելի աշխատակիցներն այսօր բողոք-երթով Հյուսիսային պողոտայից շարժվեցին ՀՀ Գլխավոր դատախազություն և պահանջագիր-նամակ փոխանցեցին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

 

Նրանք մասնավորապես պահանջում են դադարեցնել ճնշումները «Սիվիլիթաս» հիմնադրամի և նրա հիմնադիր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ:

 

«Մենք Գլխավոր դատախազությանը հանձնեցինք պահանջագիր-նամակ, ինչպես նաև երկու շաբաթում անցկացրած թե՛ առցանց, և թե՛ թղթային՝ ընդհանուր առմամբ 13 057 քաղաքացիների ստորագրությունների պատճենները»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակից և տեղեկատվական հարցերով պատասխանատու Ալբերտ Մանասերյանը:


Նա ինչպես և մյուս աշխատակիցները, համոզված են, որ Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործընթացը ոչ մի իրավական հիմք չունի, և այն բացառապես քաղաքական է: «Մեր պահանջն է՝ անմիջապես դադարեցնել այս քաղաքական հետապնդումը՝ ուղղված թե՛ «Սիվիլիթաս» հիմնադրամին և նրա գործունեությանը, և թե՛ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի հանդեպ»,-ասաց նա:

 

Լուսանկարները՝ PanArmenianPhoto-ի