Մարսագնացը Կարմիր մոլորակի վրա 2 նոր հայտնագործություն է կատարել

10:07 • 19.10.12

Կարմիր մոլորակի վրա օգոստոսի 6-ին վայրէջք կատարած Curiosity մարսագնացը շարունակում է հաջողությամբ ուսումնասիրել մոլորակի մակերևույթը՝ նորանոր անակնկալներ մատուցելով գիտնականներին, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։

 

Համաձայն ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության՝ ՆԱՍԱ-ի հայտարարության, 6 ակնանի սարքը Մարսի վրա գտնվելուց ի վեր առաջին անգամ օգտագործել է հատուկ գործիք, որը նախատեսված է հանքանյութերի քիմիական բաղադրության վերլուծության համար։ Գործիքի կիրառման արդյունքում էլ Curiosity-ն հայտնաբերել է ապարի տարօրինակ բեկոր։

 

ՆԱՍԱ-ի գիտնական Ջոն Գրոուտսինգերը նշել է, որ այժմ մարսագնացը պետք է հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրի հայտնաբերված ապարը ՝ հասկանալու համար, թե ինչ պայմաններում է այն ձևավորվել։

 

Բացի այդ,  Curiosity-ն ևս մեկ ուշագրավ հայտնագործություն է արել. նույն վայրում մարսագնացը հատուկ ճկվող ձեռքի օգնությամբ փորել-հանել է առեղծվածային սպիտակ ավազահատիկ, ինչը կտրուկ առանձնանում է մարսիական կարմիր մակերևույթի ֆոնին։
Այն ևս կուսումնասիրվի 74 կգ-ոց Curiosity-ի վրա տեղակայված հզոր գործիքների օգնությամբ։

 

Ավելի վաղ սարքը հայտնաբերել էր մի ժայռաբեկոր, որն ուղղակի ապշեցրել էր գիտնականներին. ժայռաբեկորն ունի երկրային բաղադրություն։
 

Մարսագնացը Կարմիր մոլորակի վրա 2 նոր հայտնագործություն է կատարել