Կանաչ թեյը բարերար ազդեցություն ունի կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում. հետազոտություն
Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ կանաչ թեյի մզվածքը (էկստրակտ)` պոլիֆենոն E-ն, խոչընդոտում է չարորակ ուռուցքների աճին, և դրա կանոնավոր կիրառումը կարող է արդյունավետ պրոֆիլակտիկա դառնալ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման դեմ պայքարում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախքան այս եզրակացությանը հանգելը, մասնագետները 40 կանանց մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել։ Նրանց մի մասին տրվել է կանաչ թեյի մզվածքը, իսկ կանանց մյուս մասին՝ պարզապես դատարկահաբեր՝ պլացեբոներ (հաբ, որը բուժական ազդեցություն չունի, այլ տրվում է հիվանդին հոգեբանորեն հանգստացնելու համար)։
Վեց ամիսների ընթացքում կանանց շաբաթական 2 անգամ 400, 600 կամ 800 մգ պոլիֆենոն E և դատարկահաբեր են տրվել։ Այդ ողջ ժամանակահատվածում մասնագետները հետազոտության բոլոր մասնակիցներից արյան և մեզի անալիզներ են վերցրել։
Պարզվել է, որ կանաչ թեյի մզվածքը կանոնավոր կերպով ընդունած կանանց օրգանիզմում քաղցկեղածին բջիջների քանակը կտրուկ նվազել է ՝ ի տարբերություն նրանց, ովքեր պլացեբո են ընդունել։










