Բազմաֆունկցիոնալ կահույքի լավագույն 7 տարբերակը (լուսանկարներ)

12:05 • 19.10.12

Ժամանակը չի դոփում տեղում, առաջ է շարժվում՝  փոփոխելով մեր կյանքն ու շրջապատող աշխարհը, գրում է YahooNews-ը։

 

Այս մտքի վառ ապացույցն է ստորև ներկայացված ֆոտոշարքը, որը ցույց է տալիս, թե տարիներ շարունակ մարդկանց կողմից որպես սովորական առօրյայի բաղկացուցիչ մաս ընկալվող առարկաները ժամանակի թելադրանքով ինչպես են փոխվում և, իրենց բուն ֆունկցիայից բացի, կիրառվում նաև այլ նպատակներով։

 

1.Սեղան-նոթատետր
Այս արտասովոր սեղան-նոթատետրը ստեղծվել է իտալացի դիզայներների կողմից։ Այն շատ հարմար է հատկապես տարբեր կրեատիվ բնույթի աշխատանքներով զբաղվող մարդկանց համար, ովքեր առաջնային կարևորություն են տալիս միշտ ձեռքի տալ մաքուր թուղթ ունենալուն։ Սեղանի վրա ամրացված են հսկայական քանակությամբ մաքուր թղթեր, որոնք օգտագործելուց հետո կարելի է պոկել և նորը տեղադրել։

 

2.Բազմոց –գրապահարան
Անշուշտ, շատերն են երազում ունենալ այնպիսի բազմոց, որի վրա կարելի է հանգիստ պառկել՝ միևնույն ժամանակ առանց ավելորդ ջանքերի վերցնել ցանկացած գիրք։ Դա արդեն իրականություն է՝  ամերիկացի դիզայներ Յոնս Դունեթինորի ստեղծած բազմոց-գրապահարանի շնորհիվ։

 

3. Զգեստապահարան-սաունա
Հոլանդացի դիզայներ Աննա վան դեր Լեյին հաջողվել է 1 առարկայում համատեղել զգեստապահարանն ու սաունան, ինչն առավել ձեռնտու կլինի սահմանափակ մակերեսով տարածքների համար։ Լեյը նշել է, որ տարածքը խոնավանալու դեպքում յուրօրինակ զգեստապահարանում կախված հագուստին վտանգ չի սպառնում, քանի որ խոնավություն «զգալով»՝ փայտը սկսում է ուռչել, փակվում են նույնիսկ ամենաչնչին ճեղքերը, ինչի շնորհիվ հագուստը չոր է մնում։

 

4. Ջեռուցման սարք – աթոռ
Դիզայներ Ջեորեն Վեսելիկին Zig-Zag կոչվող աթոռը ստեղծելու համար ոգևորել է նրա մեծ սերը տաքության նկատմամբ։ Վեսելիկը սովորական ջեռուցման սարքին այնպիսի կոր տեսք է տվել, որի արդյունքում կարելի է դրա վրա հարմար նստել, մեջքը թիկնել հենակին և հաճելի ջերմություն զգալ։

 

5. Սեղան-գինու պահեստ

Իտալացի ատաղձագործ Վինսենտ Չիկոնեն ստեղծել է մի սեղան, որի մեջ կարելի է մեծ քանակությամբ գինու շշեր պահել։ Սա հնարավորություն կտա ընթրելու ժամանակ առանց տեղից վեր կենալու ընտրել ցանկացած գինի։

 

6. Աթոռ-դարակ
Դիզայներ Կրիստիան Լեսինգը ստեղծել է մի աթոռ, որի վրա, նստելուց զատ, կարելի է նաև տարբեր ամսագրեր կամ գրքեր պահել։ Անսովոր աթոռի բարձրությունը կարելի է փոփոխել՝ կախված ամսագրերի  քանակից։

 

7. Ճաշասեղան- բիլիարդի սեղան
Այս մեկը, թերևս, կարելի է համարել նշված տարբերակներից ամենաուշագրավը, քանի որ ճաշելու համար նախատեսված սովորական սեղանը հեշտությամբ վերածվում է բիլիարդի սեղանի։ Դա նշանակում է, որ ընթրիքից հետո զվարճանալու հարցն արդեն լուծված է։
 

Բազմաֆունկցիոնալ կահույքի լավագույն 7 տարբերակը (լուսանկարներ)