Սկլիֆոսովսկու հիվանդանոցից 3 մլն ռուբլի են պահանջում՝ հիվանդի մարմնում անձեռոցիկ թողնելու համար

11:01 • 19.10.12

ՌԴ Սկլիֆոսովսկու հիվանդանոց դիմած 57-ամյա Վասիլի Մ.-ն մահացել է՝ բժշկի մեղքով, հայտնում է Life News-ը։

 

Տղամարդուն երկար ժամանակ անհանգստացրել են մեջքի հատվածում ցավերը։ Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են օստեոխոնդրոզ ու խորհուրդ տվել վիրահատվել։

«Կլինիկայում մեզ ասացին, որ Անդրեյ Գ.-ի նման մասնագետ մատների վրա կարելի է հաշվել»,- Life News-ին պատմել է հանգուցյալի կինը։

 

Վիրահատության ժամանակ բժիշկը նախ վնասել է նրա ողնուղեղը, իսկ սխալը շտկելիս՝ հիվանդի մարմնում թողել շղարշյա անձեռոցիկը։ Վիրահատությունից հետո ի հայտ եկած բարդություններն էլ հանգեցրել են նրա մահվան։

Անձեռոցիկը հայտնաբերվել է միայն դիահերձման ժամանակ։

 

Այժմ հանգուցյալի ընտանիքը հայց է ներկայացրել դատարան և որպես փոխհատուցում պահանջում է 3 մլն ռուբլի՝ մեկական մլն հարազատներից յուրաքանչյուրին։

Ի դեպ, նրանց փաստաբանն է ազգությամբ հայ Դմիտրի Այվազյանը։ «Մեր նպատակն է ապացուցել հաստատության մեղքն ու պատժել բժշկին»,- ասել է Այվազյանը։


Իսկ հիվանդանոցը հրաժարվել է մեկնաբանություն անել։