ԱՊՀ անդամ 9 պետություններ կստեղծեն միասնական ցանցային քոլեջ
ԱՊՀ անդամ 9 պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի և Մոլդովայի կրթության նախարարներն այսօր համատեղ մամուլի ասուլիսով ամփոփեցին ԱՊՀ անդամ պետությունների նախարարների 19-րդ համաժողովի արդյունքները, ըստ որոնց, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել միասնական ցանցային քոլեջ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով՝ համագումարին ոչ միայն բարձրաձայնվեցին խնդիրները, այլ կոնկրետ բոլոր մասնակից երկրների համաձայնությամբ նոր նախագծերի մասին պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:
«Մասնավորապես մենք պայմանավորվեցինք ստեղծել ԱՊՀ երկրների կրթական միասնական ցանցային քոլեջ»,-հայտարարեց ՀՀ ԿԳ նախարարը և հավատացրեց, որ նախատեսված միասնական ցանցային քոլեջը կնպաստի կրթական համակարգի մասնագիտական զարգացմանը:
Բացի այդ, նախարարը նաև նշեց, որ իրենք առաջարկել են ստեղծել ԱՊՀ տարածքում գործող ազատ վարկանիշային գործակալություն, որը ուսանողներին հնարավորություն կընձեռի գնահատելու տարածաշրջանում գործող բուհերի վարկանիշը:
«ԱՊՀ տարածքում գործող ազատ վարկանիշային գործակալությունը հնարավորություն կտա օբյեկտիվորեն գնահատել անդամ պետությունների բոլոր բուհերի գործունեությունը, որի հիման վրա էլ դիմորդները կորոշեն, թե որ երկրի որ բուհ են ուզում դիմել»,- ասաց նախարարը և հավելեց, որ առաջարկվել է նաև միջբուհական կրթական ծրագիրը խթանելու նպատակով տրամադրել մասնակից պետությունների կրկնակի դիպլոմ, այսինքն՝ հայրենի և ընտրած երկրի բուհի դիպլոմ:
«Նաև քննարկվել են արվեստի ոլորտում կրթություն ստանալու խնդիրները։ Նախարարների ուշադրության կենտրոնում է եղել «Եվրաստուդենտ» կրթական ծրագիրը, որի նպատակն է ուսանողների կյանքի ուսումնասիրությունը սոցիալ-տնտեսական բոլոր կողմերով հանդերձ. բնակարանային, կրթական և այլն»,- ասաց նախարարը:
Բելառուսի կրթության նախարար Սերգեյ Մասկևիչն իր հերթին տեղեկացրեց, որ արդեն իսկ հայտնի է, որ հաջորդ համագումարը, որը կանցկացվի 2014թ-ին, կլինի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում և քննարկման հիմնական թեման կլինի ավագ դպրոցների հարցը: Նա հույս հայտնեց, որ հաջորդ ուսումնական տարում արդեն ցանցային քոլեջը կգործի, և, օգտագործելով միմյանց պոտենցիալը, աշխատանքային լավ կադրեր կստեղծեն:
Ղազախստանի Ազգային ակադեմիայի նախագահ Ալմա Աբիլկասիմովան հիշեցրեց, որ առաջին համագումարը Աստանայում է եղել և ինչպես նախորդը, երևանյան համագումարը նույնպես, նա հաջողված համարեց: Նա նշեց, որ երկրները դուրս են եկել խորհրդային համակարգից և հնում ունեցած ձեռքբերումների վրա միմյանց հետ համագործակցելով կփորձեն նորը կառուցել:
Տաջիկստանի կրթության նախարար Նուրիդդին Սաիդովը հայ երիտասարդներին խորհուրդ տվեց ցանկացած մասնագիտություն ընտրել Տաջիկստանի բուհերում: «Ցանկացածը կարող է մասնագիտություն ընտրել Տաջիկստանում: Մեր երկիրը մշտապես բաց է, և մենք պատրաստ ենք ընդունելու հայ ուսանողներին»,- ասաց նա:
Ասուլիսի վերջում Տաջիկստանի նախարարի և ՀՀ նախարար Աշոտյանի միջև կրթական երկկողմ համագործակցության ընդլայնման համատեղ համաձայնագիր ստորագրվեց:










