Լեհաստանը ՌԴ շանտաժից պաշտպանվում է միլիարդներ ներդնելով ամերիկյան ՀՀՊ-ում
Լեհաստանի կառավարությունը մտադիր է 3,2-ից 4,5 մլրդ ԱՄՆ դոլար ներդնել Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգի զարգացման մեջ, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով լեհական Gazeta Wyborcza պարբերականին:
Լեհաստանի ղեկավարությունը համոզված է, որ նման ներդրումները լավագույն միջոցն են Ռուսաստանի հրթիռային շանտաժից պաշտպանվելու համար:
Ամերիկյան ՀՀՊ կառուցման ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի Լեհաստանի 2013-2023 թթ. ռազմական բյուջեից:
Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար գեներալ Ստանիսլավ Կոզեյը հայտարարել է, որ հրթիռները քաղաքական շանտաժի լավագույն միջոցն են, և Լեհաստանը Ռուսաստանի կողմից նման շանտաժի արդեն ենթարկվել է, երբ Մոսկվան սկսեց օպերատիվ ռազմավարական «Իսկանդեր» համալիրներ տեղակայել Կալինինգրադի երկրամասում` ի պատասխան Եվրոպայում ՀՀՊ-ի ծավալմանը:
2018թ. ԱՄՆ մտադիր է Լեհաստանի տարածքում տեղակայել SM-3 հակահրթիռային համալիրներ:










