Միթ Ռոմնիի որդին ցանկացել է հարվածել Օբամային
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի որդին՝ Թեգ Ռոմնին, ցանկացել է հարվածել գործող նախագահ Բարաք Օբամային, հայտնում է vesti.ru-ն՝ հավելելով, որ այդ մասին Ռոմնի կրտսերը խոստովանել է Հյուսիսային Կարոլինա նահանգի ռադիոկայանի ուղիղ եթերում։
Նախագահի թեկնածուների օրերս կայացած հեռուստաբանավեճի ժամանակ Սպիտակ տան ներկայիս ղեկավարն իրեն թույլ է տվել կասկածել իր հակառակորդի անկեղծությանը, որի համար քիչ է մնացել հարված ստանար զայրացած ժառանգից, ով, իր խոսքով, հազիվ է զսպել զայրույթը։
«Ես ցանկանում էի վեր թռչել տեղիցս, վազել ներքև ու հարվածել նրան, բայց դա չարեցի։ Նախ և առաջ, այնտեղ շատ անվտանգության աշխատակիցներ կային, և երկրորդ՝ այդպիսին է իրերի բնույթը։ Նրանք մինչև վերջ կփորձեն իմ հորը ներկայացնել այնպիսին, ինչպիսին նա իրականում չէ»,- ասել է Ռոմնի կրտսերը։










