Մոսկվան Իսրայելից պահանջում է դադարեցնել շինարարությունը Պաղեստինում
Մոսկվան անհանգստացած է Իսրայելի վերաբնակեցման քաղաքականությամբ պաղեստինյան տարածքներում, մասնավորապես Արևելյան Երուսաղեմում, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Ինչպես նշել են ՌԴ արտգործնախարարությունում, Իսրայելի ներքին գործերի նախարարությունում ավարտվել է 797 միավոր բնակելի համալիրների կառուցման համաձայնեցումը Արևելյան Երուսաղեմի Գիլո բնակատեղիում:
Այս պահից սկսած նախագծի շուրջ կարող են կառուցման մրցույթներ բացվել, և սկսել նախագծի իրականացումը:
Ռուսաստանի ԱԳՆ–ը նշում է, որ բոլոր իսրայելական բնակատեղիները, որոնք կառուցվել են Հորդանան գետի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում, միջազգային իրավունքի համաձայն անօրինական են հանդիսանում:
«Վերաբնակեցման ակտիվությունը, կանխորոշելով վերջնական կարգավիճակի շուրջ բանակցությունների արդյունքը, հարցականի տակ է դնում կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումը, և պետք է անհապաղ ու լիովին դադարեցվի», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։










