Նախագահն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ղեկավարին

18:52 • 19.10.12

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Տալեբ Ռիֆաիին, այս մասին տեղեկացնում են նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից:


Սերժ Սարգսյանը կարևորել է Երևանում անցկացված «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով միջազգային համաժողովը և բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դերը՝ աշխարհում տնտեսության առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը համարվող զբոսաշրջության զարգացման գործում:


Համաժողովի խորագիրը և մասնակիցների ներկայացուցչական կազմը, Հանրապետության ղեկավարի համոզմամբ, վկայում են, որ այն հետաքրքիր, բովանդակալից և օգտակար է եղել բոլոր մասնակիցների համար:


Տալեբ Ռիֆաին գոհունակությամբ է փաստել, որ համաժողովի շրջանակներում քննարկումները բավականին արդյունավետ են եղել, միաձայն ընդունվել է Երևանյան հռչակագիր՝ միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության կարևորության վերաբերյալ:


Զրուցակիցները համակարծիք են եղել, որ զբոսաշրջության դերը մեծ է նաև մշակութային ժառանգության, շրջակա միջավայրի պահպանության և միջմշակութային հարաբերությունների ձևավորման գործում:


Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Տալեբ Ռիֆաին մտքեր են փոխանակել Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, այդ ոլորտում մեր երկրում առկա մեծ ներուժի և ոլորտի զարգացման նպատակով Հայաստանի հարաբերական առավելությունների լիարժեք օգտագործման շուրջ: