Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հետագայում բանակցային գործընթացը շարունակելու համար է. քաղաքագետ
Փարիզում առաջիկայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, պարզապես անց է կացվում հետագայում բանակցային գործընթացը շարունակելու համար:
«Վերջերս Եվրախորհրդարանում կայացած Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների, ինչպես նաև արտգործնախարարների հանդիպումը հետագայում բանակցային գործընթացը շարունակելու ակնկալիքով է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ իր համոզմամբ՝ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու գործընթացը հայկական կողմը բանակցային գործընթացներում պետք է օգտագործի որպես նոր ելակետ: «Այնպես, ինչպես ժամանակին Մադրիդյան սկզբունքների ընդունումը, հետո նախագահների համատեղ դեկլարացիաները և այլն»,- ասաց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը փաստում է, որ Սաֆարովի արտահանձնումից հետո, իհարկե, քաղաքական իրավիճակը փոխվեց և այստեղ ՀՀ նախագահը երկու հիմնարար կետերի վրա շեշտադրում արեց: «Այն էր, որ պարզ լինի միջազգային հանրությանը, որ Արցախը ոչ մի դեպքում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ուստի այդ հարցի շուրջ բանակցություններն ավելորդ են, և հաջորդն՝ այն, որ երկու կողմերին հավասար սիրաշահելու դիվանագիտությունը ապարդյուն է և բերում է ռազմական վտանգի ուժեղացմանը»,-ասաց նա և նշեց, որ այս կետերը բավական լավ հիմքեր են, բանակցային գործընթացը շարունակելու և բանակցային սեղանին դնելու համար:










