Տիմոշենկոն խնդրում է իրեն հիվանդանոցից բանտ տեղափոխվել
Ազատազրկման դատապարտված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հրաժարվել է Խարկովի հիվանդանոցում բուժման կուրս անցնելուց և խնդրել է իրեն տեղափոխել գաղութ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Տիմոշենկոն հրաժարվում է անմարդկային տեսահսկման ներքո բուժման կուրս անցնելուց, որը (տեսագրությունը-Tert.am) վաղը կարող է հայտնվել համացանցում»,-ասուլիսի ժամանակ ասել է նրա փաստաբան Սերգեյ Վլասենկոն։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ, հեղինակի վստահեցմամբ, Տիմոշենկոն առողջ է, քայլում է բարձրակրունկների վրա, ավելին՝ մարզվում է։
Ուկրաինայի նախկին վարչապետը նախորդ տարի դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։










