Հալեպի հայաշատ Նոր գյուղում գիշերը լարված է անցել. ընդդիմությունը փորձել է մտնել թաղամաս
Սիրիայի ամենամեծ քաղաք Հալեպում մարտերը վերջին օրերին չեն դադարել։ Թեև վերջին երկու օրերին Հալեպի կենտրոնական շրջաններում և հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանդարտ է եղել, սակայն լսելի են եղել այլ թաղամասերից հնչող կրակոցների, պայթյունների, նույնիսկ հրթիռակոծությունների ձայներ։
Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ գիշեր իրավիճակը հայկական Նոր գյուղ թաղամասում կրկին լարվել է, երբ զինյալ ընդդիմադիրները փորձել են մուտք գործել Նոր գյուղ։
Բացի դրանից՝ մարդիկ այժմ ավելի շատ են վախենում փողոց դուրս գալ՝ դիպուկահարների թիրախ չդառնալու համար։
Ժիրայր Ռեյիսյանի հավաստմամբ՝ այժմ Նոր Գյուղում դարձյալ իշխում են կառավարական զորքերը։
Սիրիահայ մեր աղբյուրների վկայությամբ՝ Նոր Գյուղի որոշ հատվածներում կուտակված աղբի այրման պատճառով գարշահոտություն է տարածվում։ Այն թաղամասերում, որոնցում դիպուկահարներ կան, փողոցները մաքրել հնարավոր չի լինում, շատացել են առնետները և մարդիկ պայքարելու համար ստիպված են լինում այրել աղբը՝ ինչն էլ ավելի է տարածում հոտը։










