Վրացական ռուսալեզու ПИК հեռուստաալիքին զրկել են եթերից
Վրաստանի ռուսալեզու ПИК հեռուստաալիքը այսօր դադարեցրել է իր արբանյակային հեռարձակումը, հաղորդում է Интерфакс-ը` հղում կատարելով հեռուստաալիքի տեղեկատվական ծառայության ղեկավար Եկատերինա Կոտրոկիձեին, ով հայտնել է, որ «Վրաստանի հասարակական հեռարձակողը» խզել է ալիքի հետ պայմանագիրը:
Կոտրոկիձեին նշել է, որ առանց աշխատանքի է մնացել մոտ 400 աշխատակից: Նա նաև ընդգծել է, որ ալիքի աշխատանքի դադարեցման պատճառով խախտվում են վրաստանաբնակ այն ազգային փոքրամասնությունների իրավունքները, որոնք տեղեկություններ են ստանում հենց ПИК-ի միջոցով:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ПИК-ի առցանց տարբերակը շարունակում է իր աշխատանքը:
ПИК կամ Первый информационный кавказский (առաջին տեղեկատվական կովկասյան) ռուսալեզու ալիքի ստեղծման գաղափարը պատկանում է երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:
Համարվում էր, որ հեռուստաալիքը պետք է վրացական իշխանությունների «կոչնակը» դառնա առաջին հերթին Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետություններում:
Փորձագետները չեն բացառում, որ ПИК-ի հեռարձակման դադարեցումը կարող է կապված լինել Վրաստանի իշխանափոխության հետ, քանի որ, նոր իշխանությունները նպատակադրված չեն հակառուսական քարոզչություն իրականացնել:










