Ամերիկյան ավիակիրը հայտնվել է Հարավչինական ծովում՝ վիճելի կղզիների տարածքում
Միացյալ Նահանգների «Ջորջ Վաշինգտոն» միջուկային ավիակիրը և նրան ուղեկցող նավերն այսօր հայտնվել են Հարավչինական ծովում, որտեղ գտնվում են Ճապոնիայի և Չինաստանի վիճաբանության առարկա դարձած Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) կղզիները, հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով «Ասոշիեյթիդ պրես»-ին։
Հարավչինական ծովով են անցնում համաշխարհային բեռնափոխադրումների մեկ երրորդը։ Այս կղզիներին են հավակնում նաև Ֆիլիպինները, Վիետնամը, Մալայզիան, Բրունեյը, ինչպես նաև Թայվանը։Այս տարածքը հարուստ է նաև նավթով։
Երկու երկրների միջև տարածքային վեճը սրվել է վերջերս, երբ Ճապոնիայի կառավարությունը ցանկություն հայտնեց գնել կղզիներից 3-ը։
ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի կապիտան Գրեգորի Ֆենթոնի խոսքով՝ Միացյալ Նահանգները ոչ մի երկրի կողմից չէ։
«Մեր գործն է հետևել, թե ինչպես են տարածաշրջանի ժողովուրդները վեճը հարթում ինքնուրույն, ներկայիս պայմաններում մեր դերն այս ջրային տարածքում նավարկության ազատ տեղաշարժի ապահովումն է»,- ասել է նա։










