Ֆիդել Կաստրոն ողջ առողջ է և իր ամենօրյա կյանքով է ապրում, ասում են հարազատները

01:23 • 20.10.12

Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի հարազատ քույրը` Խուանիտան, հերքել է այսօր տարածված տեղեկությունները, թե եղբոր առողջական վիճակը կտրուկ վատացել է, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով վենեսուելական ԶԼՄ-ներին:


Խուանիտա Կաստրոն այդ տեղեկությունները «աբսուրդային» է անվանել: Ավելի վաղ նրա դիրքորոշումը կիսել է Կաստրոյի որդին Ալեքսը, ով հաղորդել է, որ իր հայրը լավ ինքնազգացողություն ունի և իր ամենօրյա սովորական կյանքով է ապրում:


Կաստրոյի առողջության վատացման մասին լուրերը ակտիվացել էին այս շաբաթ, ապա Twitter-ում, իբրև Կուբայի ԱԳՆ ղեկավարի անունից, (ով միկրոբլոգում էր գրանցվել գրառում կատարելուց 4 ժամ առաջ) հաղորդում էր հայտնվել, թե Կաստրոն մահացել է:


Բացի
այդ, Վենեսուելայի բժիշկ Խոսե Ռաֆայել Մարկինան հայտարարել էր, որ Կաստրոն գլխի անոթների լայնատարած էմբոլիա (խցանում) է տանում` ուղեղի աջ կիսագնդում:

Բժիշկը հայտնել էր, որ թեև կուբայական առաջնորդը կյանքի արհեստական ապահովման սարքերին չի միացված, սակայն «նրա վիճակը շատ անկայուն է»:


Կուբայի
կառավարությունը ևս, ցանկանալով հերքել Ֆիդել Կաստրոյի առողջական վիճակի վատացման մասին լուրերը, տեղական թերթերում հրապարակել է առաջնորդի նամակը ուղղված տեղի բժշկական համալսարաններից մեկի շրջանավարտներին:


Որպես
ապացույց, որ Կաստրոն ողջ է, նամակում նշվում է հստակ թիվը, թե երբ է այն գրվել, ինչպես նաև առկա է Ֆիդելի ստորագրությունը: