Լուկաշենկոն խոստովանել է. «Միջնորդ եմ եղել ԱՄՆ-ի և Սադամ Հուսեյնի միջև»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բրիտանական հեղինակավոր The Independent թերթին տված հարցազրույցում պատմել է Միացյալ Նահանգների և Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնի միջև միջնորդ լինելու մասին, փոխանցում է vz.ru-ն։
«Ես ներգրավված եմ եղել Իրաքի հակամարտությանը, մասամբ՝ նաև Լիբիայի, որովհետև լավ գիտեի այս երկրների առաջնորդներին, և նաև գիտեի, թե ինչ է այնտեղ կատարվում»,- ասել է նա։
Առաջնորդը պատմել է, թե Իրաքում ճգնաժամից առաջ ինչպես է ԱՄՆ պատվիրակը եկել իր մոտ ու «խնդրել, որպեսզի ես ասեմ, որ Իրաքը միջուկային զենք ունի»։
«Ես նրան ասացի՝ ոչ։ Նա առաջարկում էր, թե Բելառուսի հետ ամեն ինչ լավ կլինի՝ և՛ ներդրումներ, և՛ այլն, միայն թե օգնի»,- ասել է Լուկաշենկոն` հավելելով, որ նա էլ պատասխանել է, թե նման բան չի կարող ասել, քանի որ նա գիտի՝ «այնտեղ (Իրաքում) զենք չկա»։
«Ես Հուսեյնի հետ իմ հանդիպումից հետո նրան ասացի, որ Հուսեյնը պատրաստ է ձեզ հետ պայմանավորվել, միայն թե մի՛ ռմբակոծեք երկիրը, մի՛ քանդեք այն»,- ասել է նա՝ հավելելով, որ փաստացի նա միջնորդ է եղել ԱՄՆ-ի և Հուսեյնի միջև։
Նա ասել է, որ իրեն տրվել է հետևյալ պատասխանը. «Մենք ձեզ հավատում ենք, սակայն...»։
Լուկաշենկոն հնարավոր է համարում անդամակցությունը Եվրոպական Միությանը, սակայն մի դեպքում՝ «եթե պահպանվի մեր անկախությունը, սուվերենությունը, զարգացման իրավունքը»։
Նա նաև անդրադարձել է անգլիական ժողովրդավարությանը։
«Ի՞նչ ժողովրդավարություն։ Դուք բարբարոս եք, վախկոտ, լավ իմանալով, որ Լիբիան, Հուսեյնը զենք չունեն, դուք ռմբակոծեցիք ու սպանեցիք մարդկանց։ Իսկ ի՞նչ է կատարվում այնտեղ ձեզնից հետո»,- եզրափակել է նա։










