Տիգրան Սարգսյանն Էջմիածնում մասնակցել է ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր Ժողովին

13:57 • 20.10.12

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանում տեղի է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության 87-րդ Ընդհանուր Ժողովը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

Կառավարության անունից ողջունելով ժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է.

 

«Վեհափառ Տեր, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության 87-րդ Ընդհանուր Ժողովի հարգարժան մասնակիցներ, տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ համայն հայության համար շատ կարևոր ու խոշորագույն այս միջոցառմանը:

 

Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Ընդհանուր ժողովի բացումը ևս մեկ առիթ է Մայր Հայրենիքի համար` դրվատանքի և շնորհակալության խոսքեր փոխանցել ձեզ այն անուրանալի և հսկայական աշխատանքի համար, որ արել է մեկ դարից ավել կենսագրություն ունեցող այս կառույցը` ՀԲԸՄ-ն:

 

Ուզում եմ առիթն օգտագործել` հպարտանալու, որ հիմնադրվելով 1906-ին Կահիրեում` Պողոս Նուբար փաշայի կողմից, այս ազգասեր, ազգակենտրոն կառույցը չդարձավ համայնքային, տեղական մեկ կազմակերպություն, այլ տարածվեց և սփռվեց աշխարհով մեկ` ունենալով կազմակերպչական կառույցներ աշխարհի 26 երկրներում:

 

Աշխարհում շատ քիչ են այսպիսի բարեգործական միություններ, որոնք ունեն այսչափ հարուստ կենսագրություն, ծավալված են երկրագնդի չորս կողմը և միավորում են Հայրենիքի և Հայության հարցերով մտահոգ հազարավոր մարդկանց:

 

Հայ բարեգործական ընդհանուր միության աշխատանքը տեսանելի և շոշափելի է և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում: Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ ծավալվող եկեղեցաշինական գործունեություն, հատկացումներ Մատենադարանին, ՀՀ ԳԱԱ-ին, մի շարք բուհերի ֆինանսավորում, մշակութային, կրթական, գիտական, հրատարակչական բազմաթիվ ծրագրերի ու ստեղծագործական խմբերի` սրանք ՀԲԸՄ-ի իրականացրած ծրագրերի միայն մի մասն են և դրանք դեռ կարելի է թվարկել տասնյակներով:


Մեր ժողովրդի ամենապայծառ զավակներից մեկը` Ալեք Մանուկյանը, խոսելով իր կատարած գործերի մասին, մի առիթով ասել է. «Ինձ համար որևէ անձնական հաջողություն կամ բարօրություն թունավոր մի բան կունենա իր մեջ, երբ ազգը անկե իր բաժինը չստանա»:

 

Այս բարձր գիտակցությամբ է առաջնորդվում Հայ բարեգործական ընդհանուր միությունը, և ամենևին էլ վատ չէր լինի, որպեսզի նման գիտակցումով վարակվեին նաև մնացած կարող մարդիկ, ովքեր, կուտակելով հսկայական ունեցվածք, ունենային նաև սոցիալական պարտավորություններ` անկախ քաղաքական հայացքներից կամ համոզմունքներից:

 

Այն հայը, ով իր գործունեությունը բացի սեփական անձից նվիրում է իր ժողովրդի խնդիրների լուծմանը, մշտապես դառնում է պաշտելի իր հայրենակիցների կողմից: Վկա Ալեք Մանուկյանը` ում աճյունն ամփոփված է այստեղ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` իբրև հայ ժողովրդի արժանի զավակ: Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ, սիրելի ներկաներ և մաղթում տարիների արգասաբեր աշխատանք` ի փառս Հայ ժողովրդի և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»: