Ռուսաստանը շուտով գերծանր միջմայրցամաքային հրթիռ կունենա
Ռուսաստանը նոր 100 տոննանոց հեղուկ-վառելիքային միջմայրցամաքային ռազմավարական հրթիռ է ստեղծում ամերիկացիների կողմից Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի ձևավորմանն ի պատասխան, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատարի խորհրդական պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վիկտոր Եսինի խոսքով, նոր հրթիռի արտադրությունը կսկսվի մինչև 2012թ. ավարտը: Նախագծի փորձարարա-նախագծային աշխատանքները վաղուց ընթացքի մեջ են:
Ռուսական նոր հրթիռը մինչև 5 տոննա մարտական հատված կարող է կրել, այդ ցուցանիշով, ըստ Եսինի, այն 4 անգամ գերազանցում է ՌԴ սպառազինության տակ առկա «Տոպոլ» և «Յարս» տիպի ռազմավարական հրթիռներին:
Ապագայում նոր հրթիռը կփոխարինի հնացած Р-36М2 (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ` SS-18 Satan) հրթիռներին: Նոր հրթիռի մարտական հատվածը մինչև 10 կեղծ բլոկներ կունենա: Հրթիռի հիմնական բնութագրերը դեռ անհայտ են:
«Մենք ծանր հրթիռներ չէինք ստեղծի, եթե ամերիկացիները ՀՀՊ համակարգ չտեղադրեին», - ասել է Եսինը:
Նրա խոսքով, նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ ստեղծելու Ռուսաստանի որոշումը չի բերի սառը պատերազմի դարաշրջանի վերադարձի: «Սակայն, ավելի շուտ կհանգեցնի հարաբերությունների սրման և սպառազինությունների որոշակի մրցավազքի»,- հավելել է փորձագետը:










