2014թ. Ծաղկաձորում կկայանան ձմեռային Համահայկական խաղեր

11:23 • 20.10.12

Կիպրոսի Լարնակա քաղաքում իր աշխատանքներն է սկսել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեն: Այս կառույցից ստացված մամուլի հաղորդագրությունից տեղեկացնում են, որ որոշում է կայացվել 2014թ. ձմռանը Ծաղկաձորում անցկացնել Համահայկական ձմեռային առաջին խաղերը: Խաղերի ծրագրում ընդգրկվելու են դահուկ, լեռնադահուկ, սնոուբորդ և հոկեյ մարզաձևերը:

 

Բացի մրցութային ծրագրից լինելու են նաև ցուցադրական ելույթներ: Նիստին մասնակցել են գործկոմի անդամներ, ինչպես նաև Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի առաջարկությամբ որոշվել է ամառային և ձմեռային խաղերի ընթացքում հոգալ Սիրիայի պատվիրակության ժամանման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև Ձմեռային առաջին խաղերին մասնակցող մարզիկների գիշերավարձն ու սնունդը:

 

Գործկոմը որոշել է 2015թ. ամառային խաղերի ծրագրում ընդգրկել հրաձգություն, հեծանվասպորտ, սիրողական գոլֆ, սպորտային պարեր մարզաձևերը: Գործկոմի նիստում Համահայկական խաղերի ծրագրում ավելացել են լող մարզաձևի՝ բատերֆլայ 50 և 100մ, թիկնալող 50 և 100մ, փոխանցումալող 4×100մ, համակցված փոխանցումալող 4×100մ ձևերը և աթլետիկայի բարձրացատկ մարզաձևը:

 

ՀԽՀԿ հերթական նիստը տեղի է ունենալու 2013թ. մայիսին, Երևանում: