ՄԱԿ-ը և ԱՊԼ-ը Սիրիային կոչ են արել դադարեցնել կրակը «Կուրբան-բայրամի» օրերին
ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի ղեկավարները Սիրիայի իշխանություններին և հակակառավարական ուժերին կոչ են արել դադարեցնել բռնությունները հոկտեմբերի 26-ին մեկնարկող համամուսուլմանական Զոհաբերության տոնի առիթով, ասվում է այսօր տարածված Բան Կի Մունի և Նաբիլ Ալ-Արաբիի հայտարարության մեջ, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Նրանց խոսքով, ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի Սիրիայում հակամարտող կողմերին քառօրյա հրադադար հաստատելու առաջարկը անհրաժեշտ է, որպեսզի «սիրիական ժողովրդին հնարավորություն տրվի այդ կարևորագույն կրոնական տոնը խաղաղության և անվտանգության պայմաններում նշել»:
Բան Կի Մունը և Ալ-Արաբին նաև նշել են, որ «որքան երկար շարունակվի բռնությունը, այնքան դժվար կլինի քաղաքական լուծում գտնել և վերակառուցել Սիրիան:»
Զոհաբերության տոնը կամ «Իդ ալ-Ադհան» նշվում է հաջի՝ Մեքքա ուխտագնացության ավարտին: Տոնը կմեկնարկի Զու ալ-Հիջջա ամսվա 10-րդ օրը՝ հոկտեմբերի 25-ին՝ մայրամուտից հետո: Հետխորհրդային տարածքում տոնը հայտնի է «Կուրբան-բայրամ» անվանումով:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի՝ Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում զինադադար հայտարարելու մասին առաջարկը՝ պայմանով, որ այն ուղղված լինի թե՛ սիրիական կառավարությանը, թե՛ ընդդիմությանը:










