Լյուքսեմբուրգում տոնում են թագաժառանգի պսակադրությունը
Լյուքսեմբուրգում մեկնարկում են երկօրյա հանդիսությունները՝ նվիրված Մեծ դքսության թագաժառանգ Գիյոմի և բելգիացի դքսուհի Ստեֆանի դե Լանուայի պսակադրությանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նրանք ամուսնացել են ուրբաթ, սակայն գլխավոր արարողությունը կանցկացվի այսօր՝ Լյուքսեմբուրգի Աստվածամոր տաճարում։ Շքեղ արարողությանը ներկա կգտնվեն Եվրոպայի բոլոր միապետերը, հայտնում է Euromag-ը։
Բարձրաստիճան հյուրերի շարքում են Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդն ու թագուհի Պաոլան, Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդն ու թագուհի Սոնյան, Լիխտեյնշտեյնի իշխան Հանս Ադամ Երկրորդն իր տիկնոջ հետ, Նիդեռլանդների թագուհի Բեատրիքսը, Դանիայի թագուհի Մարգրետեն իր ամուսնու հետ, Շվեդիայի թագուհի Սիլվիան և Մարոկկոյի թագավոր Մուհամեդ Վեցերորդի կինը՝ արքայադուստր Լալլա Սալման։
Գիյոմը համարվում էր Եվրոպայի վերջին չամուսնացած թագաժառանգը, այդ իսկ պատճառով նրա պսակադրությունը մեծ իրադարձություն է համարվում ոչ միայն դքսությունում, այլ նաև երկրի սահմաններից դուրս։
Զբոսաշրջիկները գնում են նորապսակների պատկերով դրոշակներ, ինչպես նաև շամպայն և շոկոլադ, որոնք արտադրվել են հատուկ այս առիթով։










