Բրահիմին Սիրիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է հրադադարի պայմանները
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) Սիրիայի հարցով հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմի հետ, հայտնում է «Վզգլյադ»-ը՝ վկայակոչելով ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությանը։
Ինչպես և սպասվում է՝ Բրահիմին կընդունի նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
Բրահիմին սիրիական կողմին տեղեկացրել է իր կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերի և տարածաշրջանային շրջագայության արդյունքների մասին, որի ընթացքում նա այցելել է Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իրան, Իրաք, Եգիպտոս, Լիբանան և Հորդանան։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մուալեմն ու Բրահիմին քննարկել են «երկկողմ համագործակցությունը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկեն Սիրիան և մյուս կողմերը» ՄԱԿ-ի և ԱՊԼ համատեղ հատուկ ներկայացուցչի առաքելությանը աջակցելու համար։
Սիրիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ «բռնության դադարեցումը պետք է նպաստի սիրիացիների միջև բազմակողմանի երկխոսության համար անհրաժեշտ մթնոլորտի ստեղծմանը՝ առանց արտաքին միջամտության»։ Նա ընդգծել է նաև, որ Դամասկոսում միայն դրանում են տեսնում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը։
Հիշեցնենք, որ Լահդար Բրահիմին ժամանել էր Դամասկոս մուսուլմանական Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում հրադադարի առաջարկով, որն այս տարի սկսվում է հոկտեմբերի 26-ից։










