Ինգուշեթիայի ղեկավարը գրոհայիններին տվել է իր հեռախոսահամարը

15:19 • 21.10.12

Ինգուշեթիայի հանրապետության ղեկավար Յունուս Բեկ Եվկուրովը իր բլոգում հրապարակել է հեռախոսահամար, որով կարող են իր հետ կապնվել հանրապետության այն քաղաքացիները, ովքեր «այս կամ այն պատճառով կանգնել են հանցագործության ճանապարհին»։ «Անձնական շփման» հեռախոսահամարը՝ 8(928) 093-29-29, կգործի հոկտեմբերի 22-ից, հայտնում է lenta.ru-ն։


Եվկուրովը խնդրել է, որ խոստովանեն այն բոլոր մարդիկ, ովքեր «ընտրել են սարսափեցնելու և բռնության ուղին, յուրաքանչյուրը, ով առնչվել է ահաբեկչության հետ»։
 

Նա խոստացել է, որ հանցագործություն գործած հանձնվողները կստանան օրենքով նախատեսված նվազագույն պատիժ։ Խոստովանողներից յուրաքանչյուրին Ինգուշեթիայի ղեկավարը խոստացել է «ապահովել բոլոր պայմանները և պաշտպանել իրավունքները»։


Ինչպես նշվում է հանրապետության կայքում՝ Ինգուշեթիայում արդեն երկրորդ տարին է, ինչ գործում է ահաբեկչական և ծայրահեղական գործունեությունը դադարեցրած մարդկանց խաղաղ կյանքին հարմարեցնելու հանձնաժողով, որի գործունեության ընթացքում ինքնակամ հանձնվել է 42 մարդ, որոնցից 17-ը ընդգրկված են եղել անօրինական զինված խմբավորումներում։