Շիրակում և Լոռիում ավելի շատ կանեփ է աճեցվում, քան Արմավիրում. Ոստիկանության ներկայացուցիչը՝ «կանեփի պլանտացիների» մասին

14:23 • 21.10.12

Չնայած Արմավիրի մարզը մշտապես շեշտադրում են որպես «կանեփի պլանտացիաների» մարզ, իրականում դա այսպես չէ. այսօր Ծաղկաձորում «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով երկօրյա սեմինարի ժամանակ ասաց Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ Արթուր Մինասյանը:


«Արմավիրը ձայնով հնչում է որպես «կանեփի պլանտացիայի» մարզ, բայց իրականում այդպես չէ: Հայաստանի մարզերից ամենից շատը կանեփ աճեցվում է Շիրակի մարզում, Լոռիում, նկատվում է Արարատի մարզում, բայց կա նաև Արմավիրում»,- ասաց նա և բացատրեց, որ մարզային վիճակագրության համաձայն թմրամոլությունը հիմնականում այն բնակավայրերում է տարածված, որոնք կանեփի բնակլիմայական պայմանների համար նպաստավոր են, ինչպես նաև՝ սոցիալական պայմաններով, այսինքն՝ անաշխատունակության պատճառով մարդկանց ներգարվում են այդ գործունեության մեջ:

Արթուր Մինասյանը նշեց, որ կապ չունի, թե՛ կանեփը տատիկ կաճեցնի, թե՛ երիտասարդ՝ միևնույնն է օրենքով դա արգելվում է, և հայտնաբերման դեպքում համապատասխան ընթացք է տրվում։ «Միջոցառման ընթացքում փաստեր են գալիս և համոզվում ենք, որ ոչ թե տատիկն է աճեցրել, այլ թոռնիկը»,- ասաց նա և ավելացրեց, որ քանակը կարևոր է, և փորձաքննությունից հետո արդեն ըստ համապատասխան չափաբաժնի համապատասխան պատիժ է սահմանվում:


Ոստիկանության ներկայացուցիչը հավատացնում է, որ իրենց չեն կարող խաբել, թե կանեփն ինքն իրեն է աճել: «Մենք հասկանում ենք, թե որն է աճեցված, և որը վայրի կերպով է աճել: Տնամերձ հողամասում երևում է, որ մարդը խնամել է»,- ասաց նա:

Ըստ նրա՝ թմրանյութ Հայաստանի հանրապետություն հիմնականում ներկրվում է Իրանի իսլամական հանրապետությունից: «Այստեղից էլ ներգրավելով մեր քաղաքացիներին այդ թմրամիջոցը տարածում են ազգաբնակչության մեջ»,- ասաց նա և ավելացրեց, որ նախորդ տարիներին հիմնականում ներկրվում էր Թուրքիայից, որն արդեն նվազել է:


2012թ. ինը ամիսների ընթացքում թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մեր ներգրավված են եղել 798 անձ, իսկ քրեական պատասխանատվության են ենթարկվել 489 անձ:

Ի դեպ, Արթուր Մինասյանը անդրադարձավ նաև շրջանառվող այն տեղեկությանը, թե կոկա-կոլայի մեջ կոկայի տերևներ կան, որը կախվածություն է առաջացանում:


Նա նշեց, որ ինքն էլ լսել է դրա մասին, բայց մեկ դիտարկում արեց: «Լիմոնադի մեջ էլ սպիրտային մաս կա, և կախվածության մեջ չի գցում, չէ՞։ Նույնպես կոկա-կոլան է, որը միայն ծարավը հագեցնելու համար է»,- ասաց նա և ավելացրեց, որ կախվածություն առաջացնում է հերոինը, ափիոնը, որոնք հիմնականում ներերակային ներարկման միջոցով են օգտագործվում: