Արարատի մարզում «Գազելի» շրջվելու արդյունքում 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է (թարմացված)
Այսօր, ժամը 16.38-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տիգրանաշեն գյուղի մոտ «Գազել» մակնիշի Լ 2982 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Հ. Գևորգյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով երկու ուղևորը` Ելփին գյուղի բնակիչներ` 18-ամյա Վ. Թովմասյանը և 47-ամյա Ա. Հարությունյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Արարատ քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժած Վ. Թովմասյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա. Հարությունյանինը` միջին ծանրության:










