Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղար Ալեքսեյ Սերգեևի հետ
Սանկտ Պետերբուրգում անցկացված ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) համաժողովին հոկտեմբերի 17-ին մասնակցած ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 18-ին հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղար Ալեքսեյ Սերգեևի հետ՝ անդրադառնալով ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացներին։ Այս մասին այսօր Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց լրագրողների հետ հանդիպմանը։
Էդուարդ Շարմազանովը Ալեքսեյ Սերգեևի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է դրանց խորացմամբ, ինչի վառ ապացույցներից մեկը Հայաստանի կողմից ԱՊՀ–ում «Ազատ առևտրի» գոտու ստեղծման մասին պայմանագրի վավերացումն է։
ԱԺ փոխնախագահը վերահաստատել է Հայաստանի պաշտոնական տեսակետն առ այն, որ ԼՂՀ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների արդյունքում։
Ինչ վերաբերում է Սանկտ Պետերբուրգում անցկացված բուն համաժողովին, ապա այն նվիրված է եղել մարդու իրավունքների տեսանկյունից իրավախախտումների կանխարգելմանը և կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին։
Ելույթով հանդես եկած Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ԱՊՀ տարածքում կա Ադրբեջանը, որտեղ խրախուսվում են ռասիզմի երևույթները։
Իբրև ասվածի ցայտուն օրինակ Էդուարդ Շարմազանովը բերել է այս տարվա գարնանը Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի թշնամին համայն հայությունն է։
«Այսօր Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը առավել հաճախակի բնույթ է կրում, մինչդեռ Հայաստանն իր հասարակությանը պատրաստում է խաղաղության»,– հայտարարել է Էդուարդ Շարմազանովը՝ մեջբերելով Սերժ Սարգսյանի հետևյալ խոսքերը. «Մենք չպետք է պղտորենք մարդկանց միտքն ու հոգին համամարդկային գաղափարներով ու այլամերժությամբ և չպետք է զոմբիացնենք երիտասարդներին»։










