Քեթրին Էշթոնը 5-օրյա շրջագայություն կկատարի Միջին Արևելքում
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը երկուշաբթի 5-օրյա այցով կժամանի Միջին Արևելք, հայտնում է Hurriyet-ը:
Պաշտոնյան կայցելի Հորդանան՝ սիրիացի փախստականների Զաաթարի ճամբար, որտեղ 36 000 մարդ կա: Հորդանանում սպասվում է նաև այդ երկրի թագավոր Աբդուլահ 2-րդի և արտգործնախարար Նասեր Ջուդեի հետ հանդիպում:
Ընդհանուր առմամբ Հորդանանում 85 000 սիրիացի փախստական կա: Եվս 36 000-ը, ՄԱԿ-ի տվյալներով, սպասում է գրանցման:
Երեքշաբթի Էշթոնը կժամանի Լիբանան՝ Բեյրութ, ապա՝ հաջորդ օրը՝ Երուսաղեմ: Այստեղ նա կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, այնուհետև՝ Պաղեստինի վարչապետ Սալամ Ֆայյադի հետ:
Էշթոնն իր մերձավորարևելյան շրջագայության առիթով ասել է, թե դա նպատակ ունի առաջ մղել ԵՄ-ի և տարածաշրջանում այդ կառույցի գործընկերների միջև առկա համագործակցությունը:










