Վարչապետը հանձնարարել է Քասախ գետի վրա՝ Օշական գյուղի տարածքում, կամուրջ կառուցել

17:13 • 22.10.12

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ կառավարությունը, հրատապ ծրագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի Օշական գյուղում կառուցվելիք կամրջի շինարարության համար հատկացրել է համապատասխան ֆինանսական միջոցներ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:

 

Կամուրջը նախատեսված է ինչպես մարդատար, բեռնատար մեքենաների, այնպես էլ հետիոտնի համար:

 

Արագածոտնի մարզի Օշական համայնքի բնակիչները ՀՀ վարչապետին ուղղված նամակով խնդրել էին կամուրջ կառուցել Քասախ գետի վրա` Օշականի մանկական առողջարանի հարևանությամբ:

 

Խնդիրն այն է, որ համայնքի շուրջ 2000 շահառուները չեն կարողանում մշակել 400 հա տարածքը, քանի որ կամրջի բացակայության պատճառով բերքահավաքի ժամանակ հնարավոր չէ բերքը որևէ ձևով տեղափոխել:

 

Կամրջի կառուցման արդյունքում գյուղատնտեսության համար պիտանի այս հողատարածքում գյուղացիները կկարողանան աշնանացան կազմակերպել: