Գյումրիի անհետացած «Չայկան» գտնվել է Պլեխանովի փողոցում

11:31 • 22.10.12

Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ին Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռին պատկանող «Չայկա» ավտոմեքենան հայտնաբերվել է Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածքից, այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից:


Մեր տեղեկություններով՝ հասցեն Գյումրու ինչ-որ ավտոտնակինն է:


Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:


Հիշեցնենք, որ օրերս Գյումրիի նորընտիր ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտնել էր, որ «Չայկա» մեքենայի միայն երկաթյա կարկասը շուկայում արժե 15-20 հազար, իսկ մեքենան՝ 80.000-120.000 ԱՄՆ դոլար և հավել. «Չայկեն» թռել է»:


 

Իսկ ավելի վաղ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղարը տեղեկացրել էր, որ Գյումրիի համայնքային սեփականություն հանդիսացող Գազ 13 «Չայկա» մակնիշի մեքենան, որ պահվում էր կապարակնքված դռներով ավտոտնակում, ուրբաթ կեսօրից հետո անհետացել էր:


 

Մեքենան սեպտեմբերի 14-ին՝ համայնքի ավագանու որոշմամբ, աճուրդով օտարվել էր հաղթող ճանաչված Գյումրիի բնակիչ Գևորգ Ղուկասյանին ,( Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբայրը ) սակայն առքուվաճառքի համապատասխան պայմանագիր դեռ չէր կնքվել և պահեստավորվել էր, մինչև որ Գյումրիի քաղաքապետարանը կսպասեր Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի պատասխան գրությանը, որը պետք է պատասխաներ հարցին, թե ինչ արժե մեքենան իրականում:


Բանն այն է, որ «Գագեմա» ՍՊԸ-ի կողմից գինը սահմանված էր 100 հազար դրամ:

 

Լուսանկարը՝ «Ասպարեզի»-ի