Երևանում կքննարկվի գլոբալ անվտանգության հարցում գիտության դերը

12:38 • 22.10.12

Ս.թ. հոկտեմբերի 23-ին` ժամը 9:00-ին, ՀՀ ԳԱԱ-ում (Բաղրամյան 24) կմեկնարկի «Գլոբալ անվտանգության կոնտեքստում գիտության պատասխանատու կառավարումը. ինչպե՞ս բարձրացնել պատասխանատվության գիտակցումը» խորագրով միջազգային գիտաժողովը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տարածած հաղորդագրությունից։


Գիտաժողովը կազմակերպում է «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի» գիտախորհրդատվական կոմիտեն:


Ողջույնի խոսքով հանդես կգան՝ գիտախորհրդատվական կոմիտեի նախագահ Արակի Մասանորին (Ճապոնիա), ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի» գործող տնօրեն Սերգեյ Վորոբյովը:


Գիտաժողովի աշխատանքները կանցկացվեն հետևյալ ուղղություններով`«Գիտության պատասխանատվության առաջընթացը միջուկային սեկտորում» և «Գիտության պատասխանատվության առաջընթացը կենսատեխնոլոգիական սեկտորում»։ Զուգահեռ դասախոսություններ կանցկացվեն ուսանողների համար: Գիտաժողովի շրջանակներում երիտասարդ գիտնականների համար նախատեսված մրցույթի եզրափակիչ փուլի երեք մասնակիցները` Հովակիմ Զաքարյանը, Մարիամ Նացվիշվիլին և Եկատերինա Խմալաձեն կներկայացնեն իրենց գիտական աշխատանքները:

 

Նրանցից մեկը կճանաչվի հաղթող և հնարավորություն կստանա մասնակցելու իր ընտրած միջազգային որևէ գիտաժողովի: Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն ավելի քան 100 գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կանադայից, Բելգիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից,Ղազախստանից, Ղրղըզստանից:


 

Երևանում կքննարկվի գլոբալ անվտանգության հարցում գիտության դերը