Հայաստանը խոհարարական մրցույթում հաղթել է «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմի հերոսներով
Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում հոկտեմբերի 5-10-ը կայացած խոհարարական արվեստի օլիմպիադային Հայաստանը՝ արտ-կլասս անհատական կատեգորիայի մրցույթում արժանացել է միանգամից երկու ոսկե մեդալի:
Մեդալները Հայաստանի համար բերել են մոսկվայաբնակ Վերա և Ռենա Հովհաննիսյան քույրերը: Նրանցից Վերա Հովհաննիսյանի՝ «Սառցե դարաշրջան» մուտլֆիմի երկու հերոսների տեսքով պատրաստված քաղցրավենիքի կոմպոզիցիան, ժյուրին առավելագույն 100 միավոր է տվել: Դուալիզմի «Կոմպոզիցիան պատրաստել եմ երկու ամսում, ամբողջությամբ շաքարից է և ներկայացված 500-ից ավել աշխատանքներից լավագույնն է ճանաչվել»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Խոհարարների հայկական ասոցիացիայի» ավագ մասնագետ Վերա Հովհաննիսյանը:
«Օլիմպիադային մասնակցում էին 52 երկրից ներկայացուցիչներ: Ես ու քույրս առաջին անգամ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկանք, մինչ այդ Ռուսաստանն էինք ներկայացնում»,- ավելացրեց նա։
«Իմ սիրելի մուլտֆիլմի հերոսների կաղինի հետևից վազող տղա և աղջիկ սկյուռները ամբողջությամբ շաքարից էին, մոտ մեկ մետր, 10 կգ քաշով»,- աշխատանքը ներկայացրեց նա։
Վերա Հովհաննիսյանը նաև նշեց, որ սա իր միակ հաղթանակը չէ, բայց միակն է, որ Հայաստանի համար է: Նրա խոսքով՝ ինքն ու քույրը տարբեր միջազգային մրցույթների են մասնակցել: Միայն ինքը 7 միջազգային կարգի մեդալի է արժանացել, որոնցից 4-ը ոսկի է, իսկ այդ 4-ից 2-ը՝ օլիմպիական մեդալ է:
Խոհարարական օլիմպիադան անցկացվում է 4 տարին մեկ անգամ:
«Խոհարարների հայկական ասոցիացիայի» նախագահ, ռեստորատոր Արմեն Մանդալյանը նշեց, որ Հայաստանի դրոշի ներքո մասնակցելու հարվերը ոչ թե իրենք են տվել քույրերին, այլ հենց նրանց ցանկությամբ է եղել: Նա հույս հայտնեց, որ ինչպես մարզասերներն են մեծ ոգևորությամբ դիմավորում իրենց հաղթողներին, այս օլիպիական չեմպիոնները նույնպես կարժանանան ուշադրության:
«Վերայի այս հաղթանակը ոգևորեց մեզ։ Ես ոչ թե հուսով եմ, այլ՝ համոզված, որ մենք դեռ շատ ավելի հաղթանակներ կունենանք նաև այս ոլորտից»,- ասաց նա:
Վերա և Ռիտա Հովհաննիսյանները ծնվել են Երևանում և ինչպես Վերան ասաց, երրորդ սերնդի խոհարար են:
«Պապիկս էլ հրուշակագործ է և միշտ ինձ համար հետաքրքիր է եղել այս ոլորտը»,- ասաց նա և նշեց, որ ինքը Երևանում է այստեղ մշտական հաստատվելու նպատակով և իր փորձը կիսելու այս արվեստը նախընտրողների հետ:










