Մեծ Բրիտանիայի թագուհին սպասուհի է փնտրում համացանցի միջոցով
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը սպասուհի է փնտրում համացանցի միջոցով, ով կտիրապետի հնաոճ իրերի և թանկարժեք զարդերի խնամքի հմտություններին, ինչպես նաև հնարավորություն կունենա տարվա ընթացքում երեք ամիս աշխատել Լոնդոնից դուրս, հայտնում է newsru.com-ը։
Նման պահանջներով հաստիքի մասին տեղեկությունը կարելի է գտնել բրիտանական միապետության պաշտոնական կայքում։
Բուքինգհեմյան պալատում սպասուհու պարտականությունների մեջ է մտնում «թագավորական ընտանիքի անդամների ննջասենյակների, հյուրասենյակների, հանդերձարանների բարձրակարգ մաքրումն ու հյուրերի սպասարկումը»։
Սպասուհու պարտականությունների մեջ է մտնում նաև գորգերի, հատակի, արվեստի գործերի, լուսանկարների, կտավների շրջանակների և այլ իրերի մաքրությունը։
Պալատական այդ պաշտոնի թեկնածուն պետք է «լավ կազմակերպչական ունակություններ ունենա, կարողանա սահմանել հանձնարարությունների հերթականությունը, լինի վստահելի և պարտաճանաչ»։
Աշխատանքային գրաֆիկը նախատեսված է շաբաթական միջինը 40 ժամ, ինչը, սակայն, չի բացառում պարտականությունների կատարում նաև հանգստյան օրերին և այլ ժամանակ։
Նախնական աշխատավարձը տարեկան մոտ14.2 հազար ֆունտ ստեռլինգ (22.7 հազար դոլար) է։ Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 26-ը։










