Հայաստանում հայտնաբերվել է սիբիրյան խոց, սակայն իրավիճակը վերահսկվում է
Առողջապահության նախարարության կողմից սիբիրյան խոց ունենալու մեջ կասկածվող և հոսպիտալացված 15 հիվանդներից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքներով մեկ անձի մոտ հաստատվել է սիբիրյան խոց հիվանդությունը։
Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքի՝ վերցված 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ, ինչը պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական:
ՀՀ առողջապահության նախարարությունը նման ահազանգեր էր ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանից։ Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար, և նրանք առողջացման դրական միտում ունեն:
«Մնացած կասկածելի հիվանդներից վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են։ Ձեռնարկված համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: Համաճարակային իրավիճակը վերահսկելի է»,- ասված է հաղորդագրության մեջ:










