«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» բաժանվեցին, սակայն ֆորմալ դեռ իրար հետ են
«Ժառանգություն» խմբակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանը որևէ ձևով չի ներկայացնելու խմբակցությունը, այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Վարման կարգի հետ կապված ձայն վերցրած Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ՝ «ներքին խնդիրները չեն բերում դահլիճ», ապա հավելեց.«Ի սկզբանե ընդունված կանոնակարգով՝ «Ժառանգությունը»՝ «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» և հանրային սեկտորի միասնական խմբակցությունն է: Ֆորմալ առումով մնալով խմբակցության անդամ` կներկայացնենք «Ազատ դեմոկրատներին»:
Նշենք, որ այս հայտարարություններին նախորդել էր «Ժառանգություն» խմբակցության նիստը, որի ընթացքում Խաչատուր Քոքոբելյանն առաջարկել էր Ռուբեն Հակոբյանին հեռացնել «Ժառանգությունից»: Սակայն հարցը չէր մտել օրակարգ և մերժվել էր քվեարկությամբ։
«Անձի հետ կապված խնդիր կա, ես նախկինում էլ առաջարկել եմ, որպեսզի խմբակցությունը ներկայացնի Զարուհի Փոստանջյանը»,- լրագրողներին ավելի վաղ հայտնեց Խաչատուր Քոքոբելյանը` հավելելով, որ հակասություններ կան ոչ միայն մանդատի հետ կապված, այլև՝ ընտրությունների:
Ալեքսանդր Արզումանյանը և Խաչատուր Քոքոբելյանը արդեն երկուսով քննարկեցին նաև, թե շարունակելո՞ւ են այսուհետեւ ներկայացնել «Ժառանգություն» խմբակցությունը, թե դուրս են գալու:
Եթե «ԱԺ կանոնակարգ-օրենքը» Խաչատուր Քոքոբելյանին խմբակցությունից առանց մանդատը դնելու հնարավորություն տալիս է, ապա Ալեքսանդր Արզումանյանը` ներկայացված չլինելով «Ժառանգության» համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականներում` խմբակցությունից կարող է հեռանալ միմիայն մանդատը դնելու պարագայում:










