ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Լիբիայի կոնֆլիկտը լուծել խաղաղ ճանապարհով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Լիբիայի Բենի Ուալիդ քաղաքում հակամարտող կողմերին կոչ է արել խաղաղ բանակցություններ սկսել. տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
Կառավարական ուժերի և Բենի Ուալիդի զինյալների միջև բախումները սկսվել են հինգշաբթի օրը։ Քաղաքում, որտեղ իշխում են Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Կադաֆիի կողմնակիցները, շաբաթ օրը սպանվել էր նախկին ղեկավարի որդին՝ Համիս Կադաֆին։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կողմերին հիշեցնում է միջազգային իրավունքի շրջանակներում իրենց ունեցած պարտավորությունների մասին և կոչ անում Լիբիայի իշխանություններին ու Բենի Ուալիդի կողմին՝ անհապաղ բանակցություններ սկսել»,- հայտնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը։
«Պետությունը և այն զինյալները, որոնք գործում են պետության անունից, Լիբիայի ժողովրդի առաջ պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների՝ միջազգային իրավունքի համապատասխանության համար՝ հատկապես մարդու իրավունքների պահպանման հարցում»,- ասել է Բան Կի Մունը։










