ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանն այցելել է Աֆղանստան
Հոկտեմբերի 17-19-ը ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը աշխատանքային այց կատարեց Աֆղանստան: Այցին հրավիրվել էին մասնակցելու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության մասնակից մի շարք գործընկեր պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արմեն Եդիգարյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրությունից։
Այցի շրջանակներում դեսպան Եդիգարյանը այցելեց նաև Մազարի Շարիֆ, որտեղ հանդիպեց Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության Հյուսիսային հրամանատարության հրամանատար գեներալ-մայոր Էրիկ Պփեփերի հետ: Վերջինիս բարձր գնահատեց հայ զինվորականների ծառայությունը Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության կազմում:
Դեսպան Եդիգարյանը հանդիպեց նաև Կունդուզում ու Մազարի Շարիֆում տեղակայված ՀՀ զորախմբերի հրամանատարական անձնակազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին զորախմբի ծառայության և շրջանում ռազմաքաղաքական իրավիճակի հետ կապված բազմաթիվ հարցեր:










