Ռյազանում բժիշկներն ուլտրամանուշակագույն ճառագայթման ժամանակ այրել են նորածնին
Ռուսաստանի Դաշնության Ռյազանի մարզում հետաքննություն է սկսվել մի հիվանդանոցի դեմ, որի բժիշկների անզգուշության ու անտարբերության պատճառով ողբերգություն է տեղի ունեցել։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման համար նախատեսված սարքի անսարքության պատճառով նորածին աղջնակը տեղում այրվել է, հայտնում է newsru.com-ը։
Ժամանակից շուտ լույս աշխարհ եկած նորածինը բերվել էր Ռյազանի շրջանային մանկական կլինիկական հիվանդանոց։ Այստեղ երեխային բավական բարդ բժշկական մի գործընթաց էր սպասվում. նրան պետք է ուլտրամանուշակագույն ճառագայթման ենթարկեին։ Մինչ այդ բժիշկները կոչ են արել փոքրիկի ծնողներին չանհանգստանալ և վստահեցրել են, որ փոքրիկի կյանքին որևէ վտանգ չի սպառնում։
Սակայն հաջորդ օրը բժիշկները հայտնել են, որ նորածինը մահացել է, իսկ պատճառ է եղել այն, որ երեխայի անկողնու վերևում տեղադրված տաքացուցիչը վատ է ամրացված եղել, ինչի հետևանքով էլ տաքացած լամպն ընկել է երեխայի վրա՝ դառնալով նրա մահվան պատճառ։
Թեև բժիշկները պնդում են, որ այս ամենը դաժան պատահականության հետևանք է, սակայն երեխայի ծնողները մեղադրում են բժիշկներին՝ նրանց ցուցաբերած անզգուշության և անտարբերության համար։










