ՀՀ–ում սրտանոթային հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը նվազել են. սրտաբան
Հայաստանում վերջին 10 տարվա ընթացքում սրտանոթային հիվանդությունների հետևանքով առաջացող մահվան դեպքերը նվազել են շուրջ 6%-ով, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դեկան, սրտաբան Արմեն Աստվածատրյանը:
Նրա խոսքով՝ աշնանը, կապված մթնոլորտային ճնշման մեծացման և եղանակային պայմանների հետ, սրտանոթային հիվանդությունների կտրուկ աճ է նկատվում:
«Հիվանդության ցուցանիշը չի նվազել, սակայն ներկայումս սկսել են ավելի լավ բուժել: Հայաստանում սրտաբանության ոլորտում ներդրվել են ապացուցողական բժշկական հիմունքները, ինչը նշանակում է, որ սկսել են լավ ախտորոշել ու բուժել: Սրտային անբավարարության հիվանդության դրական դինամիկա է գրանցվել»,-ասաց նա:
Բժիշկը նշեց, որ Հայաստանում ավելի հաճախ ծխամոլությունն է պատճառ դառնում սրտանոթային հիվանդությունների առաջացմանը, հաջորդը հիպերտոնիկ հիվանդություններն են, քիչ տեղաշարժվելը և շաքարային դիաբետը:
Բժիշկ Աստվածատրյանը նշեց, որ սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են: Սակայն դա նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում:
«Վերջերս առնչվում էի 26 տարեկան երիտասարդի հետ, ում մոտ ծանր ինֆարկտ էր գրանցվել: Քսան տարի առաջ, երբ 40 տարեկան տղամարդկանց մոտ ինֆարկտ էր լինում,զարմանում էին, իսկ այսօր ինֆարկտ լինում է նաև երիտասարդ կանանց մոտ: Այնինչ ինֆարկտը հիմնականում համարվում է տղամարդկանց հիվանդություն»,- ավելացրեց նա:










