Եղանակը՝ սթրեսի պատճառ, տնտեսական պայմանները՝ ավելի մեծ սթրեսոր. Կարինե Նալչաջյան

13:00 • 23.10.12

Ցանկացած անցում՝ այդ թվում նաև եղանակային, մարդու օրգանիզմում սթրես է առաջացնում: Եղանակային փոփոխություններին և մարդու հոգեբանությանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ հոգեբան Կարինե Նալչաջյանը: 


Նա նշեց, որ մարդու օրգանիզմը ունի սթրեսների դեմ պայքարելու ներքին ունակություն, բայց դա միայն մասամբ:


«Եղանակային փոփոխությունները մարդը ծանր է տանում, դրանք անցումներ են նրա կյանքում: Բայց ավելի ծանր է տանում ձմռան անցումը: Այս երևույթները ավելի ուժեղ արտահայտվում են այն մարդկանց մոտ, ովքեր ունեն խրոնիկ հիվանդություններ»,– ասաց նա:


«Կան մարդիկ, ովքեր ավելի կախված են եղանակից: Այսինքն՝ մենք իրարից տարբերվում ենք զգացողություններով և տրամադրություններով»,- նշեց նա և միաժամանակ ընդգծեց, որ եղանակային փոփոխությունները ամենափոքր սթրեսներն են մարդու օրգանիզմի համար:


Հոգեբանն ընդգծեց, որ մեր հասարակության համար ավելի մեծ սթրեսոր է բարեկեցության խնդիրը: Մարդն իրեն հանգիստ չի զգում, երբ գրպանը դատարկ է և չգիտի ինչով կերակրել երեխային:


«Մարդը ուզում է արժանապատիվ ապրել: Ակնհայտ է, որ Հայաստանում այսօր մի մեծ հատված տնտեսական խնդիրների առաջ է կանգնած: Լուրջ սթրեսոր է ինքնաարտահայտման հնարավորությունների պակասը: Մարդը լուրջ սթրես է տանում, երբ ունի ինչ-որ տաղանդ, ընդունակություններ, աշխատունակ է, բայց չի կարողանում ինքնադրսևորվելու ասպարեզ գտնել»,- ասաց նա և ավելացրեց, որ հենց նման խնդիրները մարդկանց մոտ փախուստի ցանկություն են առաջացնում:


Հոգեբանը ևս մեկ լուրջ սթրեսոր համարեց արդարության պակասը՝ նշելով, որ մարդկանց մեծ մասը գտնում է, որ աշխարհն անարդար է, և հենց իրենք էլ դրանից դառնում են անարդար:


«Հոգեբաններն ասում են՝ եթե ուզում ես աշխարհը դառնա արդար, դու էլ արդար եղիր»,-ասաց նա:


Կարինե Նալչաջյանը մեր հասարակությանը հորդորեց ավելի ադեկվատ մոտենալ բոլոր խնդիրներին և նշեց, որ յուրաքանչյուր մարդ պետք է փորձի ինքն իր վրա աշխատել, մի շարք սթրեսներից ձերբազատվելու համար:
 

Եղանակը՝ սթրեսի պատճառ, տնտեսական պայմանները՝ ավելի մեծ սթրեսոր. Կարինե Նալչաջյան