ՄԱԿ-ը Սիրիա խաղաղապահներ կուղարկի, եթե նման որոշում կայացնի ՄԱԿ–ի ԱԽ–ը
ՄԱԿ-ը կարող է խաղաղապահներ ուղարկել Սիրիա, եթե նման որոշում կայացնի ՄԱԿ–ի Անվտանգության Խորհուրդը, այսօր հայտարարել է գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների մասով տեղակալ Էվրե Լադսուսը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Մենք պատրաստ ենք գործել, եթե դա անհրաժեշտ լինի, և եթե նման մանդատ ստանանք»,- ասել է Էվրե Լադսուսը ՄԱԿ-ի կենտրոնակայանում:
Նա նշել է, որ կախված նրանից, թե ինչ որոշում կկայացնի ՄԱԿ-ի ԱԽ-ն, կդիտարկվեն տարբերակներ, թե ինչ «կարելի է անել, որպեսզի ներդրում արվի անվտանգության ապահովման շրջանակներում կամ, հնարավոր է, քաղաքացիական անձանց պաշտպանության, սակայն դեռ վաղ է որևէ տվյալներ տալ»:
Նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ներկայում չի դիտարկում Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հարցը, և Լադսուսը լրագրողներից մեկի նման հարցին պատասխանում էր բացառապես «տեսական» իմաստով:
Հիշեցնենք, որ Սիրիայի հակամարտությունը սկիզբ է առել 2011թ. մարտին և, ՄԱԿ-ի տվյալներ համաձայն, ավելի քան 30 հազար մարդու մահվան պատճառ է դարձել:










