Ընդլայնվել է հայերենի ու հայագիտության ինտերնետային կենտրոնի թարգմանիչ ծրագիրը
Ցանկացած սփյուռքահայ արևելահայերենի հետ դժվարություններ ունենալիս կարող է դիմել translator.am-ի օգնությանը:
ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կայքը դարձել է հայերենի ու հայագիտության ինտերնետային կենտրոն:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը ներկայացնելով կայքն, ասաց, որ կենտրոնի նպատակն է նպաստել հայոց լեզվի պահպանմանը և նրա ուսուցման գործընթացին:
«Այստեղ կատարվում են արևելահայերեն-արևմտահայերեն-անգլերեն լեզուների միջև իմաստային թարգմանություններ, հայերեն նախադասությունների քերականական վերլուծում, հայերեն տեքստերի ուղղագրական սխալների սրբագրում, հայագիտական նյութերի տրամադրում և նման բովանդակություն ունեցող այլ կայքերի կապակցում»,– ասաց նա:
«Այս ինտերնետային կենտրոնը, հույս ունենք, որ իր ծանրակշիռ ներդրումը կունենա հայապահպանության հարցում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ սփյուռքի համայնքներում տարեցտարի ավելանում են հայերենի հետ կապված խնդիրները:
Վաղինակ Վարդանյանը նշեց, որ կայքն ունի նաև բազմալեզու թարգմանչական բացատրական բառարան, ներդրված է այբբենարան, ինչպես նաև հայերեն հանրագիտարան:
«Այժմ բառարանում ներառված են հայերեն 85 հազ. բառ, անգլերեն՝ 98 հազ. բառ, արևմտահայերեն՝ 50 հազ. բառ, ռուսերեն՝ 35 հազ. բառ, լատիներեն՝ 6000 բառ, գրաբար` 2000 բառ: Հանրագիտարանը պարունակում է 75 հազ կոնցեպտ: Կայքը հնարավորություն է տալիս ծանոթանալ հայերենի հնչյուններին, այդպիսով սովորել հայոց լեզու»,- տեղեկացրեց նա:
Վաղինակ Վարդանյանը հիշեցրեց, որ կենտրոնը նախաձեռնվել է և ստեղծվել է եղբայր դասախոսների կողմից, ովքեր իրենց միջոցներով են սկսել իրականացնել իրենց իսկ գաղափարը:
«Դրանից հետո Սփյուռքի նախարարությունը սկսեց համագործակցել հեղինակների հետ: Ամեն տարի նախարարության բյուջեից որոշակի ֆինանսավորում է հատկացվում կենտրոնի աշխատանքների ընդլայնման համար: Ծրագիրը ներկայացվել է կառավարության ուշադրությանը և քննարկվել հարցը: Պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ուշադրություն դարձնել ծրագրին»,- ասաց նա։
Վաղինակ Վարդանյանը հայ գործարարներին կոչ արեց օժանդակել հայապահպանությանն ուղղված այս գործունեությանը:










