ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Բրահիմին Դամասկոսում բանակցություններից հետո ժամանել է Կահիրե

08:19 • 24.10.12

ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին Դամասկոսից հետո այցելել է Կահիրե, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով «Ալ Բաշիր» պորտալին:


Բրահիմիի այցը Դամասկոս, Սիրիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ֆեյսալ ալ Միքդադի գնահատմամբ, «շատ արդյունավետ էր»: Դիվանագետը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում Սիրիայի ղեկավարությունը և Բրահիմին արդյունավետ համագործակցել են՝ «ջանալով Սիրիայում անվտանգության, հանդարտության և կայունության ուղին գտնել»:


Միևնույն ժամանակ, արաբական ԶԼՄ-ները նշում են, որ Բրահիմին լքել է Դամասկոսը սիրիական ղեկավարության հետ իր բանակցությունների վերաբերյալ առանց որևէ հայտարարություն անելու:


Սպասվում է, որ այսօր Բրահիմին Կահիրեում եռակողմ հանդիպում կանցկացնի Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբիի և ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի հետ:


Ինչպես հաղորդել էինք, այսօր ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը նաև ՄԱԿ-ի ԱԽ-ին կզեկուցի Սիրիայի իրավիճակի մասին: