Նալբանդյանը Մեքսիկայում քննարկել է ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր

09:47 • 24.10.12

Մեխիկոյում պաշտոնական այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է Մեքսիկայի պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ Ֆրանցիսկո Արոյո Վիերային և քննարկել ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր, այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: 


Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ պարոն Վիերան նշել է, որ Մեքսիկայի խորհրդարանը ցանկանում է իր նպաստը բերել հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը:


Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ նախորդ գումարման Պատգամավորների պալատի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող հայտարարությունը վնաս է հասցրել ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլ նաև կոպտորեն հակասում է հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից:


Նախարարի բնորոշմամբ նման քայլերը վնաս են հասցնում միջազգային հանրության կողմից հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին, վտանգում են տարածաշրջանային կայունությունը:


Մեքսիկայի խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչն ասել է, որ տեղյակ է վերոհիշյալ հայտարարության բացասական հետևանքների մասին, պարզաբանումներ տվել այդ կապակցությամբ և ընդգծել, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատը միանշանակ սատարում է ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքին, և որ խորհրդարանին այլ դիրքորոշման վերագրման փորձերը չեն համապատասխանում իրականությանը:


Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնեց Մեքսիկայի խորհրդարանի կողմից ինքնորոշման իրավունքի սկզբունքին միանշանակ սատարելու, ինչպես նաև Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարությունում ստացված հավաստիացումների կապակցությամբ առ այն, որ պաշտոնական Մեխիկոն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ արված առաջարկություններին և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:


Նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ Մեքսիկայի նորընտիր խորհրդարանը գործուն քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, տեղեկացրել ՀՀ ԱԺ-ում Մեքսիկայի Սենատի և Պատգամավորների պալատի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին և փոխանցել Սենատի և Պատգամավորների պալատի ղեկավարներին ուղղված ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձները:


Ֆրանցիսկո Արոյո Վիերան ասել է, որ Պատգամավորների պալատում ևս շուտով ձեռնամուխ կլինեն Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ձևավորմանը, ինչը, անկասկած, փոխգործակցության կարևոր ձևաչափ կդառնա:


Մեխիկոյում ԱԳ նախարարը հանդիպել է նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները, երկրում իրականացվող բարեփոխումները, Մեխիկոյում ունեցած հանդիպումների արդյունքները, պատասխանել նրանց բազմաթիվ հարցերին:


Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Մեքսիկա լայնորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցների կողմից: Մեքսիկայի մամուլը բազմաթիվ հրապարակումներով անդրադարձել է Ադրբեջանի նախկին նախագահի և այսպես կոչված Խոջալուի հուշարձանների տեղադրումից հետո ստեղծված իրավիճակին՝ որակելով այն որպես հարված Մեքսիկայի ժողովրդի արժանապատվությանը:


Մեքսիկայի արտգործնախարարությունից Հայաստանի ԱԳՆ ղեկավարին տեղեկացրել են, որ հանրային կարծիքի խիստ դժգոհության հետևանքով Մեխիկոյի քաղաքապետարանը որոշում է կայացրել հատուկ հանձնաժողով ստեղծել՝ ադրբեջանական հուշարձանների ճակատագիրը որոշելու նպատակով:


Ավարտելով այցելությունը Մեքսիկա՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուղևորվել է Գվատեմալա: