Ամերիկացիների 70%-ը կտոնի Հելոուինը՝ ծախսելով ավելի քան 8 մլրդ ԱՄՆ դոլար
Ավելի քան 8 մլրդ ԱՄՆ դոլար են նախատեսում ծախսել ամերիկացիները հոկտեմբերի 31-ին նախատեսվող առաջիկա Հելոուինը նշելու համար: ԱՄՆ-ում այդ անգլալեզու երկրների համար ավանդական դարձած տոնի հանդեպ հետաքրքրությունը այս տարի զգալիորեն աճել է, հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով ԱՄՆ մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիային:
«Այս տարի Հելոուին են պատրաստվում նշել 10,4%-ով ավել քաղաքացիներ, քան 2011թ.: Այն կտոնեն 10 ամերիկացիներից 7-ը: Խանութները ռեկորդային շահույթ են ակնկալում», - նշել է ֆեդերացիան:
Հելոուինին պատրաստվողների կեսից ավելին համապատասխան կերպով զարդարում են բնակարանները, տները և տնամերձերը` դատարկված, վախեցնող և վառված մոմերով լուսավորված դդումներով և այլ չար ուժերը հեռացնող պարագաներով:
Չար ուժերից առավելագույնս պաշտպանվելու համար, որոնք, հին կելտական հավատամքների համաձայն, երկրով տարածվում են նոյեմբերի 1-ի գիշերը, ամերիկացիների 45 %-ը արդեն գնել է կախարդների և այլ վախեցնող էակների դիմակավորված հանդերձներ: Նման գնումները վաճառականներին արդեն 850 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ են ապահովել:
Միջինը յուրաքանչյուր ամերիկացի 80 դոլար կծախսի Հելոուինին նախապատրաստվելու համար, պնդում են փորձագետները:










