Մենք անհանգստացած ենք ԼՂ հարցում առաջընթացի բացակայությամբ և շփման գծում իրավիճակով. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Բոլորն անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում առաջընթացի բացակայությամբ և շփման գծում տիրող իրավիճակով. միայն այս տարի սպանվել է 28 մարդ։ Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։
«Ես անձամբ եմ կիսում այս անհանգստությունը։ Մենք շարունակում ենք աջակցել Մինսկի խմբի և նրա համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ջանքերին։ Սակայն ոչ մի միջազգային ջանք չի կարող արդյունավետ լինել, եթե բանակցությունների ճանապարհով խաղաղ կարգավորման հասնելու հարցում կողմերը չունեն քաղաքական կամք»,- ասել է նա։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ այս մասին նա ասել է նաև վերջերս Նյու Յորքում երկու երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը։
«Բանակցությունների բուն էությանը վերադառնալն ու ուղղվածությունը դեպի ապագան՝ սա է իրավիճակի սրում թույլ չտալու և տարածաշրջանում երկար սպասված անվտանգություն ապահովելու միակ ճանապարհը»,- ասել է պաշտոնյան։










