Աստղագետներին հաջողվել է 1 լուսանկարի օգնությամբ ներկայացնել Ծիր Կաթինի «սրտում» գտնվող 84 մլն աստղերը (լուսանկարներ)
Երկարատև հետազոտությունների արդյունքում ամերիկացի աստղագետներին հաջողվել է 1 լուսանկարի օգնությամբ ներկայացնել մեր գալակտիկայի՝ Ծիր Կաթինի «սրտում» գտնվող 84 մլն աստղերը, հայտնում է Yahoo News-ը։
Ապշեցուցիչ 9 գիգապիքսելանոց լուսանկարը ստեղծվել է Չիլիի VISTA հեռադիտակի՝ երկար ժամանակ հավաքած տվյալների օգնությամբ։ Մասնագետների կարծիքով՝ արտատպվելու դեպքում այս լուսանկարն այնքան մեծ կլինի, որ կունենա 9 մ երկարություն և 7 մ բարձրություն։
Այս լուսանկարը բացառիկ է նրանով, որ դրանում, ի տարբերություն նախորդ հետազոտությունների արդյունքների, 10 անգամ ավելի շատ աստղեր են ներկայացված։ Անշուշտ, սա շատ կօգնի աստղագետներին՝ մեր գալակտիկայի կառուցվածքն ու էվոլյուցիան ուսումնասիրելու հարցում։
«Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող անթիվ–անհամար աստղակույտերն ուսումնասիրելով՝ կարելի է ավելի լավ կարծիք կազմել ոչ միայն Ծիր Կաթինի, այլ նաև պարուրաձև գալակտիկաների վերաբերյալ։ Այս լուսանկարը բավական մեծ արժեք ունի, քանի որ մեր գալակտիկայի կենտրոնը շատ դժվար է ուսումնասիրել. այն մշտապես պատված է փոշու շերտով»,-նշել է հետազոտական աշխատանքների ղեկավար Ռոբերտո Սաիտոն։
Ստորև ներկայացնում ենք Ծիր Կաթինի ամենացնցող լուսանկարները.










