ԱՄՆ ՌԾՈւ-ն շուտով կունենա լազերային թնդանոթներ և ինքնակառավարվող սուզանավեր (տեսանյութ)
ԱՄՆ ռազմածովային ուժերի հետազոտական կենտրոնի ղեկավար ադմիրալ Մեթյու Կլանդերը հայտնել է, որ ԱՄՆ ռազմանավերի վրա լազերային զենք կհայտնվի 2 տարի անց, հաղորդում է newsru.com-ը` հղում կատարելով CNews-ին:
Արդեն պատրաստ են նախատիպերը, որոնք առավելագույնս են մոտեցված սերիական տարբերակներին, քանի որ «լազերային զենքի հետ կապված ֆունդամենտալ հարցերը, որոնք գիտական ֆանտաստիկա էին համարվում, արդեն լուծված են: Մենք պարզապես լազերային թնդանոթներ կունենանք, որոնք կտեղադրենք նավերի վրա», - բացատրել է ադմիրալը:
Մեթյու Կլանդերին չի անհանգստացնում նաև լազերների սնուցման համար նավերի էներգոմատակարարման սահմանափակ կարողությունները, որը երկար ժամանակ հիմնական խնդիր էր համարվում լազերային թնդանոթների լայնածավալ ներդրման համար:
Ադմիրալը հայտարարել է, որ այդ խնդիրը ևս լուծված է, և հնարավոր է ստեղծել լազերային թնդանոթ յուրաքանչյուր կոնկրետ նավի համար, պետք է միայն հաշվի առնել էներգոսպառման պահանջները:
Նա նշել է, որ նավերի համար նախատեսվող լազերների փորձարկումները ընթանում են ողջ ծավալով, և այդ փորձարկումները լավ արդյունք են տալիս, մասնավորապես լազերային թնդանոթները հաջողությամբ խփում է անօդաչու թռչող սարքերը:
Բացի այդ, ադմիրալ Կլանդերը ողջունել է հեռա-ինքնակառավարվող սուզանավերի ստեղծումը, որոնք նվազագույնը 60 օր ավտոնոմ գործելու հնարավորություն ունեն: Արդեն 2016թ. նման սուզանավի առաջին նախատիպը պետք է փորձնական հերթապահության անցնի:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ 30 օր ավտոնոմ նավարկությամբ սուզանավը կհայտնվի արդեն այս տարվա ընթացքում: Բոլոր այս նորույթները լրջորեն կավելացնեն ամերիկյան նավատորմի հնարավորությունները, հատկապես սուզանավերի հակազդեցության մասով:










